Երեկ Երևանի ավագանու նիստում որոշում է ընդունվել, որով, բացի քաղաքապետի աշխատավարձից, կբարձրացվեն նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը։ Ավագանիում մեծամասնությունը, քաղաքապետը և նրա տեղակալները պնդում են, որ այս որոշումն իրականում տարածվում է յոթ հազար ընտանիքի վրա, որովհետև բարձրացվելու են նաև մանկապարտեզների ու գրադարանների աշխատողների աշխատավարձերը: Հայտնի ճշմարտություն է, որ ինչքան բարձր են վարձատրվում պետական ծառայողները, այնքան մեծանում է նրանց աշխատանքի արդյունավետությունը, պետական համակարգում նվազում են կոռուպցիոն ռիսկերը: Դա այդպես է, մյուս կողմից՝ Հայաստանում չեն կարող աշխատավարձերն այնքան բարձր լինել, որ պաշտոնյաները հեռու մնան կաշառք վերցնելու գայթակղությունից: Ասել կուզեմ, որ աշխատավարձերի բարձրացումը կառավարման արդյունավետությունը բարելավելու փաթեթի ընդամենը մի բաղկացուցիչն է ու արդյունավետություն չի ունենա, եթե կադրային քաղաքականության ու կառավարման մշակույթի այլ կոմպոնենտներով չամրապնդվի: Հայաստանում, ցավոք, համակարգային մոտեցումները բացակայում են, և շեշտը դրվում է որևէ բարեփոխման ընդամենը այսբերգային դրսևորման, տվյալ դեպքում՝ աշխատավարձերի բարձրացման վրա: Երևանի ավագանիում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարև, Երևանն» ու ԲՀԿ-ն, բնականաբար, երեկ ընդդիմանում էին քաղաքային վարչակազմի մտադրություններին, սակայն, կարծում եմ, նրանց բերած հակափաստարկը թերի էր: Խնդիրը ոչ այնքան 723 միլիոն 801 հազար 900 դրամն է, որն ուղղվել է աշխատավարձերի բարձրացմանը, այլ մյուս միջոցառումների բացակայությունը, որոնք կհանգեցնեն կառավարման արդյունավետության բարձրացմանը: Սոցիալական բևեռացում հասարակության ներսում կա, ընդ որում՝ ահագնացող չափերի, ու դա պայմանավորված չէ միայն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմամբ: Մարդկանց կյանքի որակը լավը չէ, որովհետև մենք չունենք արդյունավետ կառավարում: Թող լավ վարձատրվեն, սակայն նորմալ կառավարեն ու հաշվետու լինեն հասարակությանը: Սա պետք է լինի ընդդիմության ռացիոնալ պահանջը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ